Կոնտենտ մենեջերների ամենատարածված սխալներից մեկն այն է, որ նրանք երբեմն փորձում են ստեղծել կայք՝ բոլորի համար և ամեն ինչի մասին: Ինչը սակայն բերում է կոնվերսիայի չափազանց ցածր մակարդակի: Կրկին հանգում ենք կարևորագույն խնդրին՝ որոշել, թե որն է մեր թիրախային լսարանը:
Պոտենցիալ հաճախորդներին դասակարգելու տարբեր մեթոդներ կան. ըստ սոցիալ-դեմոգրաֆիական ցուցանիշների, ըստ այն թունելների, որոնցով նրանք հասնում են մեզ, ըստ նրանց կենտրոնացվածության տարբեր սոցիալական հարթակներում և այլն:
Jeffrey K. Rohrs-ը օնլայն լսարանը դասակարգելու մի հետաքրքիր սկզբունք է առաջարկում՝ կախված կոնտենտի տարբեր տեսակների նկատմամբ լսարանի հետաքրքրվածության պատճառներից:
Ամերիկացի մասնագետը առաջարկում է առանձնացնել 3 տիպի լսարան՝ փնտրողներ, խթանողներ և հետևողներ:
Փնտրողներ.
Սրանք ինտերնետի այն օգտվողներն են, ովքեր հանդիպել են որևէ խնդրի և լուծումը փնտրում են օնլայն հարթակներում:
Փնտրողի կերպարը՝
- Փնտրում են կոնկրետ ինֆորմացիա
- Նրանց հետաքրքրում է միայն այն կոնտենտը, որը կլուծի իրենց խնդիրը
- Կարող են մոտենալ ամենատարբեր թունելներով. վճարովի, սոցիալական ցանցեր, որոնողական համակարգեր և այլն
- Նրանք ամբողջությամբ ազատ են իրենց շարժման մեջ. իրենք են որոշում երբ գալ և երբ գնալ: Սա թերևս գլխավոր բնութագրիչն է:
Ընդ որում, փնտրողների հոսքի որոշ մասը սովորաբար լինում է ոչ թիրախային լսարանից, ովքեր պատահաբար կամ սխալմամբ են հայտնվել Ձեզ մոտ:
Խթանողներ.
Խթանողները Ձեր արտաքին գործընկերներն են, Ձեր թիմը, ովքեր արդեն ունեն լսարան: Որպես խթանողներ կարող ենք դիտարկել կարծիքի առաջնորդներին (opinion leader), Ձեր թղթակիցներին, վերլուծաբաններին, ոլորտի մասնագետներին և այլն: Խթանող կարող են լինել նաև գոհ հաճախորդները և ստրատեգիական գործընկերները:
Խթանողի գործողությունները շատ պարզ են.
- Նա ուսումնասիրում է Ձեր առաջարկած կոնտենտը
- Ձեր կոնտենտով կիսվում է իր լսարանի հետ
Խթանողի կերպարը՛
- Կիսվում են միայն այն կոնտենտով, որը իրենց հետաքրքիր է
- Կիսվում են միայն այն ժամանակ, երբ ցանկանան
- Խթանողի գլխավոր նպատակը սեփական լսարանի մեծացումն է
Հետևողներ.
Հետևողներն ինտերնետի այն օգտվողներն են, ովքեր ուղղակիորեն պահում են կապը Ձեզ հետ: Նրանք կոնտենտ մենեջերի երազած լսարանն են. նախաձեռնող, ակտիվ, քննարկող, արձագանքող: Նրանք տրամադրում են իրենց անձնական տվյալները, որ առաջինը ստանան այն կոնտենտը, որը դուք կառաջարկեք:
Հետևողի կերպարը.
- Ազատորեն կիսվում են իրենց կոնտակտային տվյալներով
- Ձեր կայքն ավելացնում են իրենց նախընտրելիներ ցուցակում, միանում են Ձեր առաջարկած համայնքներին
- Մտնում են իրենց համար վստահելի մարքեթինգի թիրախային լսարանի մեջ: Թույլ են տալիս, որ կապվեք իրենց հետ
- Հաճույքով մասնակցում են մարքեթինգային հետազոտություններին և կիսվում են դրանց արդյունքներով
- Շատ արագ դառնում են հաճախորդ
Փնտրողների, խթանողների և հետևողների վրա է հիմնված կոնտենտ առաջարկող ցանկացած օնլայն ռեսուրս, սակայն լսարանի այդ տիպերը հստակ սահմանազատում չունեն: Նրանք գտնվում են անընդհատ շրջապտույտի մեջ: Մարդիկ, ովքեր այսօր ընդամենը փնտրող են, վաղը կարող են շատ արագ վերածվել խթանողի կամ հետևողի: Կամ հակառակը՝ եթե դադարեք պահանջված կոնտենտ մատուցել, կկորցնեք Ձեր հետևողներին:
Իհարկե այդ շրջապտույտի մեջ կոնտենտ մենեջերի առաջնային խնդիրը հնարավորինս շատ հետևողներ ձեռք բերելն է:
Ինչպե՞ս աշխատել լսարանի 3 տիպերի հետ
Արդեն պատկերացրեցինք, թե որոնք են լսարանի 3 տիպերը և դրանք ինչ բնութագրիչներ ունեն: Շատ լավ: Իսկ ինչպե՞ս պետք է աշխատել դրանցից յուրաքանչյուրի հետ:
Փնտրողների հետ աշխատանք.
Փնտրողը շատ բծախնդիր, պահանջկոտ և միևնույն ժամանակ անշնորհակալ օգտվող է: Նա միշտ սպասում է կոնկրետ օգուտ ստանալ իր այցելած ռեսուրսից և այն ստանալուց հետո կարող է անմիջապես հեռանալ: Փնտրողների հետ համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ձեզ հաջողվի նրանց արագ տեղափոխել լսարանի մյուս մակարդակներից որևէ մեկը՝ դարձնելով խթանող, հետևող, կամ միանգամից՝ հաճախորդ:
Ձեզ և փնտրողին կապող հիմնական օղակը որոնողական համակարգերն են: Ուստի անհրաժեշտ է ներկայություն ապահովել բոլոր այն հարթակներում, որտեղ հնարավոր է լինեն փնտրողները.
- անձնական բլոգ
- սոցիալական ցանցեր
- օնլայն համայնքներ
- թեմատիկ կայքեր
- ուղղակի գովազդ
- կոնտեքստային գովազդ
- հովանավորչություն և այլն
Խթանողների հետ աշխատանք.
Խթանողները, փաստացիորեն, անվճար մարքեթինգ են անում Ձեր օգտին: Նրանք օգնում են մեծացնել Ձեր լսարանը, ավելացնել այցելուների հոսքը դեպի Ձեր կայք: Խթանողները օգնում են, որ փնտրողներին դարձնեք հետևող:
Այստեղից հետևություն՝ կոնտենտ մենեջերները պետք է խթանողներին ապահովեն բոլոր անհրաժեշտ միջոցներով և տեղեկատվությամբ.
- հրապարակումներ բլոգում
- էլեկտրոնային գրքեր
- տեսանյութեր
- ցուցադրություններ
- մամուլի հաղորդագրություններ
- նկարագրություններ, վերլուծություններ և այլն
Խթանողները ի սկզբանե հետաքրքրված լսարանն են, ուստի սիրով կտարածեն ձեր կոնտենտը, եթե այն բավականաչափ հետաքրքիր լինի իրենց անձնական լսարանի համար:
Հետևողների հետ աշխատանք
Ձեր գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի հետևողների լսարանը պահելը և ավելացնելը, քանի որ նրանք շատ մոտ են հաճախորդ դառնալուն, կամ արդեն Ձեր հաճախորդներն են: Հետևողների հետ անհրաժեշտ է հաստատել երկարաժամկետ հարաբերություններ:
Հետևողների հետ աշխատանքը պետք է իրականացվի՝ հետևելով այս 4 կանոններին.
- Ճիշտ հաղորդագրություն
- Ճիշտ ընթերցողին
- Ճիշտ ժամանակին
- Ճիշտ հարթակից
Ստեղծեք հետաքրքիր, ուրախ և, որ ամենակարևորն է՝ օգտակար կոնտենտ: Հիշեք՝ ընթերցողները բծախնդիր են. մեկ անգամ անզգույշ լինելով՝ կարող եք կորցնել լսարանի զգալի հատվածը: Եվ ինչպես հայտնի է՝ կորցրած լսարանը հետ բերելը շատ ավելի դժվար է, քան պահելը:
Ամփոփելով. քանի դեռ մենք ընթերցողներին դիտարկում ենք որպես անդեմ մասսա, թիրախային լսարանի ավելացումը գործնականում անհնարին է մնում: Ուստի՝ անհատականացրեք Ձեր կոնտենտը: Չէ՞ որ կոնկրետ անհատի հետ զրուցելը շատ ավելի հեշտ է, քան ամբոխի:
Իսկ ինչպե՞ս եք Դուք աշխատում Ձեր լսարանի հետ: Ովքե՞ր են Ձեր իդեալական ընթերցողները:
Ձեր կարծիքով, առաջարկներով և դիտողություններով կարող եք կիսվել հոդվածի մեկնաբանություններում, կամ մեր ՖԲ էջում` ArmContent:
Ծանուցում՝ 10 կարևոր խորհուրդ Facebook-ում առաջխաղացման համար | armcontent
Ծանուցում՝ 10 կարևոր խորհուրդ Facebook-ում առաջխաղացման համար | armcontent
Ծանուցում՝ Ինչպե՞ս վերնագրի օգնությամբ գրավել ընթերցողներին | armcontent
Ծանուցում՝ Ինչպե՞ս մեծացնել Facebook-ում հրապարակման արդյունավետությունը | ArmContent
Ծանուցում՝ Ինչպես բարձրացնել հրապարակման արդյունավետությունը Ֆեյսբուքում | ArmContent
Ծանուցում՝ 19 հարց, որոնք կօգնեն կառուցել պոտենցիալ հաճախորդի կերպարը | ArmContent