Ինչպես բարձրացնել հրապարակման արդյունավետությունը Ֆեյսբուքում

Եթե Դուք որոշել եք, որ Ձեր բիզնեսը կարիք ունի Facebook-ով առաջխաղացման, ապա վստահ եղեք, որ շատ ճիշտ որոշում եք կայացրել 🙂

Դա ամենակարևոր բաղադրիչներից մեկն է Ձեր ինտերնետ-ստրատեգիան (եթե իհարկե այդպիսին ունեք) ռեալիզացնելու ճանապարհին: Բայց այստեղ առաջանում են մի շարք հարցեր՝ ինչպե՞ս գնահատել աշխատանքի արդյունավետությունը տվյալ սոցցանցում, ի՞նչը և ինչպե՞ս հաշվել, ինչի՞ն հետևել:
SMM (Social media marketing) վերլուծություններով զբաղվող հանրահայտ Simply Measured ծառայությունը առաջարկում է 10 խորհուրդ, որոնք կօգնեն բարձրացնել հրապարակման արդյունավետությունը Ֆեյսբուքում:

1. Դեմոգրաֆիկ բնութագիրը

Թիրախային լսարանի տարիքն ու սեռը կարևորագույն տվյալներն են, որոնք անհրաժեշտ են իմանալ: Դրանց շնորհիվ ձևավորվում է Facebook-ում Ձեր միջին վիճակագրական ընթերցողի կերպարը:

Ինչու՞ է դա կարևոր: Իմանալով Ձեր թիրախային լսարանի պատկերը, Դուք ավելի ճիշտ կձևավորեք թիրախավորված կոնտենտը: Ձեր առաջարկած ինֆորմացիան ավելի հետաքրքիր կլինի լսարանի համար և ավելի մեծ լսարան կներգրավի: Ինչպես գիտենք՝ հաճախորդի անհատականացումը կոնտենտ մարքեթինգի ամենակարևոր փուլերից մեկն է:

Ինչպե՞ս ճշտել Ձեր լսարանի դեմոգրաֆիական կառուցվածքը: Facebook-ն էջերին (page) բավականին հարուստ ինֆորմացիա է տալիս իրենց լսարանի մասին: Դրանք կարող եք գտնել Ձեր էջի Insights բաժնում:
Էջի հավանողների դեմոգրաֆիական պատկերը ցույց տանք Nerses Matinyan’s Photos էջի օրինակով՝

Demographics

Nerses Matinyan’s Photos էջը հավանողների դեմոգրաֆիական պատկերը

Ինչպես տեսնում ենք՝ Էջի հավանողների գերակշիռ մասը իգական սեռի ներկայացուցիչներն են (մոտ 75%), ընդ որում՝ հիմնականում 18-24 տարեկան (մոտ 29%):

Ի՞նչ է սա նշանակում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տվյալ էջի առաջարկած կոնտենտով հիմնականում հետաքրքրվում են երիտասարդ աղջիկներն ու կանայք: Հետևաբար, օրինակ Ֆեյսբուքյան գովազդ աշխատեցնելիս իմաստ չունի որպես թիրախային լսարան ընտրել 30-ից բարձր տարիք ունեցողներին, եթե իհարկե գովազդի նպատակը հենց այդ տարիքային խմբին ներգրավելը չէ:

2. Տեղադրեք ինֆորմացիա այնպիսի վայրերում, որտեղ հաճախում են ձեր ընթերցողները

Վիճակագրական կարևոր տվյալ է նաև Ձեր հաճախորդների համար տեսանելի վայրերի մասին ինֆորմացիան: Գլխավորապես դա Ձեր ֆեյսբուքյան պատն է (Timeline), և հիմնական ինֆորմացիան պետք է լինի այնտեղ: Սակայն պետք չէ մոռանալ էջի մյուս հատվածների մասին, ինչպիսիք են՝ Էջի գլխավոր նկարը, ետնանկարը (Cover photo) և այլն: Անչափ կարևոր է, որ ճշգրիտ լրացված լինեն Ձեր ընկերության մասին ինֆորմացիան և կոնտակտային տվյալները:

Facebook-ը նաև հնարավորություն է տալիս Timeline-ի վերին հատվածում ամրացնել (Pin to top) կարևորագույն հրապարակումը: Սա նույնպես գրավում է էջի այցելուների ուշադրությունը:

Ինչու՞ է դա կարևոր:

Ճիշտ տեղում հրապարակած կոնտենտը շատ ավելի արդյունավետ է աշխատում: Այն ապահովում է թիրախային հաճախումների ավելի մեծ հոսք, ինչը իր հերթին բերում է կոնվերսիայի մեծացման:


ArmContent-ին կարող եք հետևել նաև Facebook-ում, Twitter-ում և GooglePlus-ում:


3. Հրապարակումների ժամը պետք է որոշի ընթերցողը

Ինֆորմացիայի հրապարակման ժամը բավականին մեծ դեր ունի լսարանի հնարավորինս մեծ տեսանելիություն ապահովելու հարցում: Ակնհայտ է, որ Timeline-ին ինֆորմացիա պետք է հրապարակել այն ժամերին, երբ Ձեր հատևողները օնլայն են: Պետք է նաև հետևել, թե հատկապես ո՞ր ժամին են ընթերցողները առավել ակտիվ Ձեր ոլորտի էջերում և խմբերում: Հենց այդ ժամն էլ կլինի իդեալական ժամը հրապարակումներ անելու համար:

Ինչու՞ է դա կարևոր: Էջի հետևողների պասիվության ժամանակահատվածում արված հրապարակումը կարող է գրեթե չնկատվել և շատ փոքր արձագանք ստանալ: Ֆեյսբուքից օգտվողները ինֆորմացիայի հիմնական մասը ստանում են հենց Timeline-ից: Ուստի ցանկալի է հրապարակումները անել ընթերցողների ակտիվության պիկի ժամանակ:

Ինչպե՞ս ճշտել լսարանի ակտիվության ժամերը: Ինչպես արդեն նշեցինք Facebook-ը Insights բաժնում բավականին մեծ վիճակագրական ինֆորմացիա է տալիս Ձեր Էջի մասին: Այնտեղ՝ հրապարակումներ (Posts) ենթաբաժնում կարող եք գտնել Ձեր էջը հավանողների ակտիվության օրերն ու ժամերը:
Կրկին ցույց տանք նույն՝ Nerses Matinyan’s Photos էջի օրինակով.

activity time

Nerses Matinyan’s Photos էջը հավանողների ֆեյսբուքում ակտիվության օրերն ու ժամերը

Ինչպես գրաֆիկից երևում է՝ շաբաթվա օրերի առումով տարբերություն գրեթե չկա (խոսքը վերաբերում է կոնկրետ այս էջի այցելուներին), սակայն էական տարբերություն կա օրվա ժամերի միջև:

Տվյալ դեպքում լսարանի ամենաբարձր ակտիվությունը նկատվում է ժամը 11:00-ի սահմաններում և երեկոյան 20:00-ից մինչև կեսգիշերն ընկած ժամանակահատվածում:
Ուստի ցանկալի է հրապարակումներն անել հենց այդ ժամերին:

4. Հետևե՛ք օգտվողների ակտիվությանը

Ինչքան էլ փորձենք վերլուծել կոնտենտը, միևնույնն է, դրա էֆեկտիվության ամենաճիշտ գնահատականը տալիս է ընթերցողը: Facebook-ում հրապարակումների առաջացրած ակտիվությունը կարելի է չափել մի շարք ցուցանիշներով: Դրանցից կարևորագույնները ներկայացնում ենք ստորև.

  • Reaction (Like, Love, HaHa, Wow, Sad, Angry) — առաջին հերթին իհարկե լսարանի ռեակցիան է տվյալ հրապարակմանը: Ընդ որում, եթե առաջ մարդիկ իրենց վերաբերմունքը արտահայտելու համար միայն Like կաճակը ունեին, ապա հիմա դրանք արդեն 6-ն են:
  • Comment — մեկնաբանությունները էջի ակտիվության կարևորագույն ցուցանիշներից են: Փորձեք հնարավորինս շատ քննարկումներ հրահրել Ձեր հրապարակումների մեկնաբանություններում: Դա կմեծացնի Էջի և տվյալ հրապարակման տեսանելիությունը Ֆեյսբուքում:
  • Share — նախորդ հոդվածում նշել էինք խթանողների մասին: Ձեր կոնտենտով կիսվողները հենց խթանողներն են:
  • Reach — Այս ցուցանիշի մեծությունը կախված է նախորդ գործողություններից: Այսինքն՝ ինչքան ակտիվ եղավ տվյալ հրապարակումը, այնքան նրա հասանելիությունը կմեծանա: Մեկ դիտարկում՝ կապված սրա հետ. Ֆեյսբուքը ամեն գնով փորձում է բիզնեսներին դրդել, որպեսզի օգտվեն վճարովի գովազդի հնարավորություններից: Այդ պատճառով Ֆեյսբուքի ալգորիթմը այնպես է գրված, որ հրապարակումների օրգանիկ հասանելիությունը (Organic reach) շատ բարձր չլինի: Անգամ շատ փոքր բյուջեով գովազդը Ֆեյսբուքում մի քանի անգամ ավելի մեծ հասանելիություն է ունենում, քան առանց գովազդի արված հրապարակումը: Եթե ցանկանում եք, որ Ձեր հրապարակումը նույնիսկ առանց գովազդի լավ տարածում գտնի, անհրաժեշտ է, որ կոնտենտը լինի վիրուսային (ընթերցողները ցանկանան share անել այն):

Սրանք այն հիմնական ցուցանիշներն են, որոնք բնութագրում են հոդվածի ակտիվությունը: Սակայն կան մի շարք այլ բնութագրիչներ, որոնց օգնությամբ կարելի է ավելի խորքային ուսումնասիրություն կատարել:

Ինչու՞ է դա կարևոր: Ֆեյսբուքը մեծ հնարավորություն է տալիս SMM-ի մասնագետներին, որպեսզի կարողանան համեմատել և օպտիմալացնել իրենց առաջարկած կոնտենտը:

5. Գործողության կոչ (Call to action)

Փորձը ցույց է տալիս, որ գործողության կոչը՝ CTA, էականորեն մեծացնում է հղումով (link) անցնելու  և ընթերցողին որևէ գործողության դրդելու հավանականությունը:

Ինչու՞ է դա կարևոր: Call to action-ը հատկապես արդյունավետ է, եթե Ձեր խնդիրը մարդկանց դրդելն է, որ այցելեն Ձեր կայք կամ կոնկրետ գործողություն անեն Ձեր Landing page-ում:

Ինչպե՞ս ստուգել: Գործողության կոչի արդյունավետությունը ստուգելու և համեմատելու համար կարելի է այլ հավասար պայմաններում փորձարկել տարբեր կոչեր (Սեղմե՛ք, Այցելե՛ք, Շտապե՛ք և այլն) և համեմատել յուրաքանչյուր հրապարակումից հղումով անցնողների քանակը (այդ տվյալը նույնպես Ֆեյսբուքը տրամադրում է):

6. Փորձարկե՛ք կոնտենտը մինչև գովազդ միացնելը

Երբեք հնարավոր չէ 100%-ով կանխատեսել, թե որ հրապարակումը արդյունավետ կլինի, իսկ որը՝ ոչ: Արդյունքը երբեմն կարող է զարմացնել անգամ ամենափորձառուներին: Հետևաբար, ցանկալի չէ հրապարակումը անմիջապես գովազդել:

Ինչու՞ է դա կարևոր: Եթե Ձեր հրապարակումը գրավիչ չէ ընթերցողի համար, ապա ձեր ծախսած գումարը ջուրը կլցվի: Ուստի մինչև գովազդ գործարկելը, փորձարկեք տվյալ կոնտենտը, համոզվելու համար, որ այն գրավում է ընթերցողին: Թույլ տվեք, որ այն որոշ ժամանակ գոյատևի ինքն իրենով:

Ինչպե՞ս ստուգել: Միայն երբ կհամոզվեք, որ տվյալ կոնտենտը արդյունավետ է և Ձեզ օգուտ է բերում, այն ժամանակ կարելի է նաև գովազդ տեղադրել և բազմապատկել դրա արդյունավետությունը:

7. Վերլուծեք օրգանիկ և վճարովի ակտիվությունները

SMM-ով զբաղվողներ կհաստատեն, որ գովազդային բյուջեն ամենախնդրահարույց հարցերից մեկն է իրենց համար: Շատ դժվար է ղեկավարությանը համոզել, որ դեռ բավական չէ, որ նրանք վարձատրում են սոցցանցերում աշխատող մենեջերին, դեռ մի բան էլ պետք է լրացուցիչ գումար հատկացնեն այնտեղ գովազդ տեղադրելու համար:
Այստեղ Ձեզ կօգնեն վիճակագրությունն ու հստակ թվային տվյալները:

Ինչու՞ է դա կարևոր: Վճարովի և օրգանիկ ակտիվության առանձին վերլուծությունը թույլ կտա հստակ պատկերացում կազմել դրանց արդյունավետության մասին:Արդյունքում Դուք հստակ պատկերացում կունենաք, թե որ դեպքում արժի գումար ծախսել գովազդի վրա, իսկ որ դեպքերում դրա անհրաժեշտությունը չկա:

Ինչպե՞ս ստուգել: Եվ կրկին մեզ օգնության են հասնում Facebook-ի վերլուծական գործիքները: Վիճակագրութունը մատուցելիս Ֆեյսբուքը առանձնացնում է վճարված և օրգանիկ ակտիվության տվյալները: Մեզ մնում է միայն հետևել վիճակագրությանը և հետևություններ անել: Թերևվս ամենամեծ հաջողությունը այն կլինի, եթե օրգանիկ ակտիվությունը գերազանցի վճարովիին: Այդ դեպքում վստահորեն կարող եք ասել, որ Ձեր կոնտենտը շատ արդյունավետ է:

8. Հստակեցրե՛ք Ձեր ոճն ու մարտավարությունը

Կոնտենտի մասին խոսելիս նախորդ հոդվածում մենք արդեն խոսել ենք այն մասին, որ ճիշտ չէ գրել ամեն ինչ ու բոլորի համար: Սոցցանցերում ամեն ինչ նույն կերպ է: Այստեղ շատ կարևոր է հստակեցնել Ձեր թիրախային լսարանը, որոշել մարտավարությունն ու ոճը: Երբ ամեն ինչ հստակեցված կլինի, ավելի հեշտ կլինի ընտրել համապատասխան կոնտենտ:

Ինչու՞ է դա կարևոր: Ակնհայտ է, որ ինչքան յուրատեսակ լինի Ձեր կերպարը սոցցանցերում, այնքա ավելի արդյունավետ կլինի Ձեր SMM-ը: Ընթերցողը պետք է ստանա հենց այն ինֆորմացիան, որը իր համար հետաքրքիր է և օգտակար: Ընդ որում, կոնտենտը պետք է լինի մաքսիմալ պարզ և հասկանալի:

9. Վերլուծե՛ք ընդհանուր հասանելիությունը

Facebook-ում Ձեր գործունեության ընդհանրացված գնահատականը տալու համար կարող եք վերլուծել ընդհանուր վիճակագրությունը, ինչը ցույց կտա, թե կոնկրետ ժամանակահատվածում ինչպիսին է եղել Ձեր գործունեության արդյունավետությունը:

10. Բացասականը նույնպես պետք է վերահսկվի

Երբեմն հաճախորդների բացասական ակտիվության ուսումնասիրությունը կարող է ավելի կարևոր լինել,  քան մնացած բոլոր ցուցանիշները: Ընթերցողը իր բացասական ակտիվությունը կարող է դրսևորել հետևյալ 4 ձևերով.

  • Թաքցնել հրապարակումը իր նորությունների ժապավենից (newsfeed)
  • Անջատել Ձեր էջից ստացվող ծանուցումները (notifications)
  • Դուրս գալ Ձեր էջի բաժանորդագրությունից (unlike)
  • Նշել հրապարակումը որպես սպամ (spam)

Անհրաժեշտ է տիրապետել, թե ինչպես են արձագանքում Ձեր հրապարակումներից դժգոհ ընթերցողները և կատարել համապատասխան հետևություններ:

Ինչու՞ է դա կարևոր: Իհարկե, բոլորին դուր գալ գրեթե հնարավոր չէ, սակայն փորձել ամեն դեպքում պետք է: Երբեմն մենք չենք կարողանում ճիշտ կանխատեսել լսարանի հետաքրքրությունները և տրամադրությունը, իսկ երբեմն էլ չենք կարողանում ճիշտ հասցնել ինֆորմացիան: Այդ ամենին պետք է ուշադիր հետևել և փորձել չկրկնել հետագայում:

Երբեք մի ջնջեք բացասական կարծիքներն ու քննադատությունը (եթե իհարկե այն վիրավորանք չի պարունակում): Փորձեք հենց տեղում, հրապարակավ քննարկման մեջ մտնել, հասկանալ դժգոհ հաճախորդի խնդիրը և լուծում տալ: Եթե դա անեք բավականաչափ նուրբ ու գրագետ, արդյունքը կարող է շատ տպավորիչ լինել:

Եզրակացություն.

Վերլուծությունն ու փորձարկումները Facebook-ում առաջխաղացման անբաժանելի մասն են կազմում: Միայն դրանց շնորհիվ կարելի է հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ ուղղությամբ եք շարժվում:

Կարդացեք նաև՝ Ինչպես բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը:


Ձեր մեկնաբանություններով, հարցերով և առաջարկներով կիսվեք հոդվածի մեկնաբանություններում կամ մեր Ֆեյսբուքյան էջում:

 

5 կարծիք «Ինչպես բարձրացնել հրապարակման արդյունավետությունը Ֆեյսբուքում»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ FACEBOOK-ի գովազդում լուսանկարի օպտիմալ չափսերը | armcontent

  2. Ծանուցում՝ FACEBOOK-ում Ձեր գովազդի լուսանկարի օպտիմալ չափսերը | armcontent

  3. Ծանուցում՝ Ինչպե՞ս մեծացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը. | ArmContent

  4. Ծանուցում՝ Ինչպես բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը | ArmContent

  5. Ծանուցում՝ Ինչպես բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը | ArmContent

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s