Որակյալ և արդիական կոնտենտը ժամանակակից կազմակերպությունների օնլայն ներկայության շարժիչ ուժն է: Օգտակար ու հետաքրքիր կոնտենտի միջոցով մենք ներգրավում ենք նոր հաճախորդներ, պահում ենք հներին, անուն ու հեղինակություն ենք ստեղծում, զարգացնում ենք մեր բրենդը և այլն:
Կոնտենտ մարքեթինգ. ինչի՞ց սկսել հոդվածում մենք արդեն անդրադարձել ենք մի շարք հարցերի, որոնք կօգնեն Ձեզ ստեղծել որակյալ կոնտենտ: Այս անգամ կդիտարկենք մի շատ կարևոր ու օգտակար գործիք, որը կօգնի ճիշտ կազմակերպել Ձեր կոնտենտ մարքեթինգային արշավները: Խոսքը կոնտենտ օրացույցի (content calendar) մասին է:
Առաջարկում եմ քայլ առ քայլ դիտարկել պլանավորման գործընթացը և հասկանալ, թե ինչպես է պետք կազմել կոնտենտ օրացույցը:
Քայլ 1. Վերլուծեք վաճառքի ցիկլը:
Հարցրեք ինքներդ Ձեզ՝ ինչպե՞ս են մարդիկ դառնում Ձեր հաճախորդը: Ի՞նչ փուլերով են նրանք անցնում: Զրուցեք վաճառքի մենեջերների հետ և կառուցեք ամբողջ ցիկլը:
Օրինակ՝ դուք զբաղվում եք լուսանկարչական ծառայություններով: Ինչպե՞ս են մարդիկ իմանում Ձեր մասին (Ֆեյսբուք, այլ սոցցանցեր, բլոգ, գոհ հաճախորդներ, գովազդ և այլն): Ինչպե՞ս են նրանք կապվում Ձեզ հետ (սոցցանցերով, էլ. փոստով, հեռախոսով): Այնուհետև արդեն տեղի է ունենում ծառայության վաճառքի փուլը:
Մանրակրկիտ ուսումնասիրեք ամբողջ ցիկլը և հստակ պատկերացրեք դրա բոլոր բաղադրիչները:
Այնուհետև ժամանակային հաջորդականությամբ դասակարգեք Ձեր պոտենցյալ և ռեալ հաճախորդներին: Այսինքն՝ Ձեր ծառայությամբ հետաքրքրվողների քանակը (նրանք, ովքեր նոր տեսնում են Ձեր գովազդը), Ձեր պոտենցյալ հաճախորդների քանակը (նրանք, ովքեր Ձեզ հետ կապի են դուրս գալիս և ճշտում մանրամասները), նոր հաճախորդները, հավատարիմ հաճախորդները, նախկին պատվիրատուները և այլն: Սրանք այնուհետև դառնալու են Ձեր կոնտենտ օրացույցի բաղադրիչները:
Ժամանակ և ջանքեր մի խնայեք նշված թիրախային խմբերն ուսումնասիրելիս: Եթե նոր հաճախորդները Ձեր մասին իմանում են գովազդից, ապա փորձեք ճշտել՝ հատկապես ի՞նչը կարող է գրավել իրենց: Երբ արդեն հավաքած կլինեք ամբողջ ինֆորմացիան, կկարողանաք սկսել պլանավորման բուն աշխատանքը:
Քայլ 2. Առանձնացրեք կոնտենտի հիմնական թեմաները և դրանք բաժանեք ըստ կատեգորիաների:
Երբ Դուք արդեն մանրակրկիտ ուսումնասիրել եք վաճառքի ցիկլի ամբողջ շղթան, ժամանակն է մտագրոհի օգնությամբ (brainstorming) առանձնացնել ստեղծվելիք կոնտենտի թեմաները: Հասկացեք, թե ի՞նչը կարող է ընթերցողին գրավել և ստիպել, որ նա դառնա Ձեր հաճախորդը: Վերադառնալով լուսանկարչական ծառայություններին. վաճառքի ցիկլի առաջին փուլում Ձեր ընթերցողներին գուցե հետաքրքրի, թե ինչպես լուսանկարել իրենց փոքրիկներին, կամ՝ ինչպես ընտրել ճիշտ լուսավորություն ֆոտոսեսիայի համար, ինչ հագնել, ինչ դիրքերով լուսանկարվել և այլն …Առանձնացրեք բոլոր այն թեմաները, որոնք հավանաբար կհետաքրքրեն Ձեր թիրախային լսարանին:
Այսպիսով, Դուք արդեն ունեք մի շարք թեմաներ, որոնք կհետաքրքրեն Ձեր ընթերցողներին: Ուրեմն կարող ենք սկսել լրացնել օրացույցը: Առաջին փուլում ընթերցողներին հետաքրքրելու համար Ձեր կոնտենտի թեմաների ցուցակը կարող է այսպիսին լինել.
- Ինչպե՞ս ճիշտ լուսանկարել Ձեր փոքրիկին
- Ինչպե՞ս ընտրել ճիշտ լուսավորություն ֆոտոսեսիայի համար
- Ի՞նչ հագնել ֆոտոսեսիայից առաջ
- Լուսանկարվելու լավագույն դիրքերը
Ընդ որում, ցանկալի է նման ցուցակներ ունենալ թիրախային լսարանի բոլոր սեգմենտների համար: Լուսանկարչի համար դրանք կարող են լինել օրինակ՝ երիտասարդ մայրերին հետաքրքրող թեմաներ, սիրահար զույգերին, նորապսակներին, սկսնակ լուսանկարիչներին, երիտասարդ աղջիկներին, գործարարներին հետաքրքրող թեմաներ և այլն:
Քայլ 3. Սկսում ենք լրացնել օրացույցը:
Վերցրեք ամենասովորական օրացույց՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով, և սկսեք լրացնել առանձնացրած թեմաները:
Օնլայն կոնտենտ օրացույցի բազմաթիվ տարբերակներից մեկը առաջարկում է CoSchedule հարթակը.

CoSchedule հարթակի առաջարկած կոնտենտ օրացույցի կառուցվածքը:
CoSchedule-ը բավականին հարուստ ու բազմաֆունկցիոնալ գործիք է, սակայն այն միակը չէ: Փնտրեք և գտեք Ձեզ ամենահարմար գործիքը կամ ստեղծեք այն ինքնուրույն՝ հասարակ թուղթ ու գրիչով:
Կոնտենտի բազմաթիվ տեսակներ կան: Մի՛ սահմանափակվեք միայն բլոգում հոդվածներ գրելով, գովազդ տեղադրելով և e-mail տարածելով: Օգտագործեք նաև կոնտենտի այս տեսակները՝
- լուսանկարներ
- տեսանյութեր
- թեմատիկ հետազոտություններ
- ինֆոգրաֆիկաներ
- աղյուսակներ, սխեմաներ
- էլեկտրոնային գրքեր
- կոմիքսներ և այլն:
Այնուհետև անհրաժեշտ է հասկանալ, թե քանի հրապարակում է պետք անել օրվա ընթացքում: Պետք չէ ձանձրացնել ընթերցողներին, բայց չի կարելի նաև տևական դադարներ տալ:
Օրացույցը կազմելիս պետք է նաև հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
- Ինչպե՞ս է տարվա եղանակը ազդում վաճառքների վրա
- Ձեր ոլորտի հետ կապված միջոցառումները, մրցույթները և այլն
- Ձեր ընկերության նորություններն ու հայտարարությունները
Երբ արդեն պատրաստ է կոնտենտ օրացույցը, կարող եք անցնել գործի՝ կատարել հրապարակումները: Փորձեք խստորեն պահպանել օրվա պլանը և հետևել օրացույցին:
Մի՛ հապաղեք և անմիջապես սկսեք պլանավորել Ձեր կոնտենտ մարքեթինգը:
Կոնտենտ օրացույցը մի քանի անգամ կմեծացնի Ձեր կոնտենտ մարքեթինգի արդյունավետությունը: Վստահեցնում եմ՝ արդյունքը կզարմացնի Ձեզ: Փորձեք և կիսվեք Ձեր տպավորություններով:
Գործը սկսելու լավագույն պահը հիմա է՝ հենց այսօր: Դե, սկսեցի՛նք …
Սիրով սպասում եմ Ձեր հարցերին և առաջարկներին: Դրանք կարող եք թողնել այս հոդվածի մեկնաբանություններում, կամ մեր ֆեյսբուքյան էջում:
Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ-ռազմավարություն | ArmContent
Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ ռազմավարություն | ArmContent