Երբևէ մտածե՞լ եք բլոգ ունենալու մասին:
Եթե Դուք զբաղվում եք բիզնեսով, կամ ցանկացած այլ ոլորտում մասնագետ եք, բլոգը կարող է էականորեն բարձրացնել Ձեր բրենդի ճանաչելիությունը, մեծացնել Ձեր կայքի հաճախումների քանակը, ինչպես նաև ծառայել որպես անձնական այցեքարտ:
Բլոգ վարելու առավելություններից մեկն էլ դրա անվճար կամ գրեթե անվճար լինելն է: Սակայն, մյուս կողմից, բլոգը բավականին մեծ աշխատանք և ժամանակ է խլում:
Բլոգի արդյունավետությունը հիմնականում երևում է երկարաժամկետ կտրվածքում: Ցավոք, երբեմն մենք սպասում ենք, թե արդյունքը անմիջապես պետք է երևա և հիասթափվում ենք՝ գիտակցելով, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ:
Սա է պատճառը, որ չնայած բլոգ ունենալու գաղափարը շատերին է գրավում, այնուամենայնիվ, նրանցից քչերն են հաջողությամբ իրագործում այն: Բազմաթիվ են այնպիսի բլոգերը, որտեղ ընդամենը 1-2 գրառում կա, կամ արդեն մի քանի ամիս է՝ ոչինչ գրած չէ:
Նախ և առաջ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
- Արդյո՞ք դուք ցանկանում եք բլոգ վարել, սակայն կարծում եք, թե դրան պարբերաբար հետևելը բարդ գործ է:
- Դժվարությա՞մբ եք գտնում թեմաներ հերթական հրապարակումների համար:
- Դժվարանու՞մ եք վերնագիր գրել
- Ի՞նչ եք կարծում: Լավ չէ՞ր լինի, եթե հնարավոր լիներ հեշտությամբ գտնել թեմաներ կամ պահեստում ունենալ դրանցից:
- Կցանկանայի՞ք ուղեցույց ունենալ, որը կօգներ հեշտությամբ վարել Ձեր բլոգը:
Եթե պատասխանները «այո» են, պետք չէ հուսահատվել:
CoSchedule-ը առաջարկում է 5 տարբեր մեթոդներ, որոնք կօգնեն ընդամենը 10 րոպեում պլանավորել հերթական հոդվածը Ձեր բլոգի համար: Հետևելով դրանց, դուք կկարողանաք ավելի լավ և ավելի արագ գրել՝ առանց ծանրաբեռնվածության, սթրեսի և հուսահատությունների:
Իհարկե, տարբեր մարդկանց ոգեշնչում են տարբեր երևույթներ: Ոմանք ոգեշնչվում են լուսանկարներից: Որոշ մարդիկ նախընտրում են նախ և առաջ գրել հոդվածի վերնագիրը: Ուրիշները սիրում են աշխատել ճնշման տակ: Իսկ մարդիկ կան, որ ուղղակի չեն սիրում գրել:
Իրականում հոդված գրելու համար գերբնական ունակություններ հարկավոր չեն: Ընդամենը պետք է ճիշտ մարտավարություն ընտրել, որը կարթնացնի Ձեր ստեղծարար միտքը:
1. Գրանցեք և հավաքեք գաղափարները
Նոր հոդվածի համար գաղափարը կարող է ծնվել ցանկացած պահի: Ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ ցանկացած երևույթ:
Ընտրեք որևէ հարմար ծրագիր, որտեղ հնարավոր է նշումներ կատարել: Անգամ հասարակ Notepad-ը կաշխատի: Սակայն ցանկալի է ընտրել այնպիսի ծրագիր, որը ավտոմատ սինխրոնիզացվի Ձեր բոլոր սարքավորումների վրա:
Ես ինքս օգտվում եմ մի քանի այդպիսի ծրագրերից.
- Evernote — բավականին հարմար գործիք է ինֆորմացիա պահելու և դասակարգելու համար: Հիանալի աշխատում է նաև սմարթֆոնների վրա: Ունի նաև հավելված Google Chrome-ի համար, որի օգնությամբ շատ արագ կարող եք ցանկացած հոդված պահել Ձեր արխիվում:
- Wunderlist — ես այս ծրագիրը հիմնականում օգտագործում եմ to do list-եր կազմելու համար: Շատ հարմար է ցուցակներ կազմելիս: Սա նույնպես կարող եք օգտագործել թե՛ համակարգչից, թե՛ սմարթֆոնից:
- Google Keep — Գուգլի պրակտիկ և հարմարավետ գործիքներից մեկն է: Հեշտությամբ կարող եք Ձեր համար գրառումներ կատարել, ցուցակներ կազմել, լուսանկարներ պահպանել և այլն: Ունի նաև Android-ի համար հավելված:
Նմանատիպ ծրագրեր շատ կան: Ես ներկայացրի նրանք, որոնցից ինքս եմ պարբերաբար օգտվում և գոհ եմ: Եթե օգտվում եք նմանատիպ այլ ծրագրերից, կարող եք Ձեր փորձով կիսվել մեր ֆեյսբուքյան էջում, կամ այս հովածի մեկնաբանություններում:
Վերադառնանք բուն թեմային: Փորձեք գրանցել Ձեր մտահղացումները հենց այն պահին, երբ դրանք ծնվում են Ձեր ուղեղում:
Միայն վերնագրերը գրանցելը բավական չէ: Փորձեք հնարավորինս մանրակրկիտ նկարագրել Ձեր գաղափարը: Վերը նշված ծրագրերը նման հնարավորություն տալիս են: Դա շատ ժամանակ չի խլի: Ընդամենը 10 րոպեում կարելի է կառուցել ապագա հոդվածի կմախքը:
Այսպիսով՝ հենց նոր մտահղացում եք ունենում, փորձեք գրանցել՝
- թեման, գաղափարը,
- վերնագրի հնարավոր տարբերակը,
- թե ինչից ծագեց այդ գաղափարը,
- այն հղումը (link-ը), որը Ձեզ հուշեց տվյալ մտահղացումը,
- եթե ոգեշնչվել եք սոցցանցերում որևէ հրապարակումից, պահեք նաև դրա հղումը,
- ցանկացած գրաֆիկական պատկերներ՝ լուսանկար, տեսանյութ, անիմացիա, որը համապատասխանում է թեմային,
- այլ նշումներ, որոնք հետագայում կօգնեն գրել հոդվածը:
Պարտադիր չէ գրել ամբողջական, երկար նախադասություններով. ընդամենը արագ նշումներ արեք:
Ո՞րն է սրա իմաստը:
Հոդված գրելիս մարդու ուղեղը պետք է ամբողջությամբ պատկերացնի դրա էությունը, իմաստը, կառուցվածքը … Եթե դուք ունենաք նախօրոք գրանցած համապատասխան նշումները, շատ արագ կմտնեք թեմայի մեջ, երբ ցանկանաք:
Այս մեթոդին շարունակաբար հետևելու դեպքում Դուք շուտով կունենաք գրեթե պատրաստի հոդվածների մեծ պահեստ:
Մի՛ հետաձգեք: Սկսե՛ք հենց հիմա: Ավելի լավ ժամանակ չի լինի:
2. Սիրու՞մ եք ճնշման տակ աշխատել՝ ժամ դրեք
Որոշ մարդիկ սիրում են իրենց վրա ժամ դնել: Երբ նրանք զգում են, որ ժամանակն անցնում է, դա նրանց ավելի է մոտիվացնում և բարձրացնում է արդյունավետությունը: Դա լրացուցիչ ինտրիգ է ստեղծում: Դուք սկսում եք մրցել ինքներդ Ձեզ հետ և կենտրոնանում եք բուն նյութի վրա:
Եթե Դուք դասվում եք այն մարդկանց շարքին, ովքեր սիրում են աշխատել ճնշման տակ, ապա փորձեք շարժվել հետևյալ մեթոդով (սա նույնպես կխլի ընդամենը 10 րոպե).
- Ընտրեք ընդհանուր թեման, վայրկյանաչափի վրա 3 րոպե ժամանակ դրեք և փորձեք գրել այնքան վերնագրեր, որքան կհասցնեք: Խմբագրել պետք չէ. պարզապես նշեք հնարավոր տարբերակները՝ նույնիսկ ամենաանհավանականները:
- Վայրկյանաչափը միացրեք 1 րոպեով և նշված վերնագրերից ընտրեք լավագույնները:
- Մնացած 6 րոպեում առանձնացրեք ընտրված վերնագրերը, դրանց վերաբերյալ նշումներ արեք, գրեք հիմնական գաղափարը, նշեք, թե ընթերցողի համար ինչ խնդիր է լուծելու Ձեր հոդվածը, գտեք համապատասխան մեկ-երկու լուսանկար: Եթե որևէ վերնագրի համար չեք կարողանում նշումներ անել, բաց թողեք այն և անցեք առաջ:
Արդյունքում Դուք կունենաք մի քանի հետաքրքիր հոդվածներ, որոնք գրեթե կիսով չափ պատրաստ են: Ձեզ կմնա դրանք ավարտին հասցնել:
Ի դեպ, արդյունավետ վերնագրեր գրելու համար առաջարկում եմ կարդալ «Ինչպե՞ս վերնագրի օգնությամբ գրավել ընթերցողներին» հոդվածը:
3. Չեք սիրում գրել՝ ձայնագրեք տեքստը
Եթե չեք կարողանում գրել, կամ պարզապես չեք սիրում անել դա, խնդիր չէ. Ձեզ կօգնի ձայնագրիչը:
Այսինքն, Դուք կարող եք ոչ թե գրել, այլ՝ թելադրել տեքստը: Դա շատ ավելի քիչ ժամանակ կխլի, քան գրելը: Հնարավորություն չի լինի նույն պահին ջնջել ձայնագրության ինչ-որ հատված, խմբագրել այն:
Ամեն անգամ, երբ նոր մտահղացում կունենաք, պարզապես վերցրեք Ձեր հեռախոսը և ձայնագրեք այն: Հետո, երբ արդեն կսկսեք գրել հոդվածը, Ձեզ կմնա ընդամենը թղթին հանձնել այն, ինչ լսում եք և խմբագրել:
Ամեն ինչ շատ հեշտ է և արագ:
4. Պատկերավո՞ր եք մտածում՝ նախ և առաջ առանձնացրեք նկարները
Եթե Ձեզ մոտ ավելի զարգացած է պատկերավոր մտածողությունը, ապա կարող եք սկսել հոդվածի համար նկարներ գտնելուց: Բանալի բառերով (key words) փնտրեք լուսանկարներ՝ կապված Ձեր թեմայի հետ: Ընտրեք ամենահամապատասխանները:
Լուսանկարների օգնությամբ կարելի է հոդված պլանավորել ընդամենը 10 րոպեում:
- 4 րոպե հատկացրեք՝ լուսանկարներ փնտրելու և պահպանելու համար:
- Մնացած 6 րոպեում առանձնացրեք լավագույնները և վերնագրեք դրանք: Կատարեք նշումներ՝ կապված դրանց հետ: Նշեք այն մտքերը, որոնք Ձեզ մոտ առաջանում են այդ լուսանկարը դիտելիս:
5. Դժվարանու՞մ եք գրել համակարգչով կամ սմարթֆոնով՝ օգտվեք թուղթ ու գրիչից
Եթե դուք նախընտրում եք գրել գրիչով, մի տանջեք ինքներդ Ձեզ: Շատ բլոգերներ իրենց հոդվածները նախ գրիչով գրում են թղթի վրա, այնուհետև այն խմբագրում և հրապարակում են բլոգում:
Ամեն ինչ շատ պարզ է.
- Վերցրեք թուղթ ու գրիչ և գտեք հանգիստ, լուռ վայր, որտեղ Ձեզ չեն խանգարի
- Վայրկյանաչափի վրա դրեք 10 րոպե ժամանակ
- Գրանցեք այն ամենը, ինչ կանցնի Ձեր մտքով: Գրեք վերնագրերի տարբերակներ, օրինակներ, պատմություններ, կատարեք նշումներ, նշեք ինֆորմացիայի աղբյուրներ, որոնք հնարավոր է Ձեզ օգնեն:
- Գրեք այնքան ժամանակ, մինչև կլրանա 10 րոպեն:
Այս մեթոդի ժամանակ Դուք փաստորեն կենտրոնանում եք ոչ թե միաժամանակ մի քանի, այլ միայն մեկ թեմայի շուրջ: Սա շատ հարմար է հատկապես մեծ ծավալի հոդվածներ գրելիս, երբ անհրաժեշտ է ամբողջությամբ խորասուզվել թեմայի մեջ:
Ամփոփելով՝
Ձեր առաջ խնդիր դրեք 3 շաբաթ ամեն օր 10 րոպե հատկացնել և կիրառել վերը նշված մեթոդներից որևէ մեկը:
Վերջում Դուք կզգաք, որ սկսել եք շատ ավելի լավ և արագ գրել, հեշտ գտնել թեմաներ: 21 օրը հենց այն ժամանակահատվածն է, որի ընթացքում մարդիկ նոր սովորություններ են ձեռք բերում: Այդ սովորությունները շուտով հաջողություն կբերեն Ձեր բլոգին և բիզնեսին:
Առաջին անգամ փորձելիս փոքր ինչ դժվար կլինի. դա բնական է: Սակայն շուտով Դուք կսկսեք շատ ավելի հանգիստ, արագ և արդյունավետ աշխատել:
Փորձեք, այնուհետև կիսվեք Ձեր տպավորություններով: Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք թողնել Ձեր մեկնաբանությունները այս հոդվածի տակ կամ մեր ֆեյսբուքյան էջում: