Դիզայնի, վեբ ծրագրավորման կամ ինտերնետ մարքեթինգի հետ առնչվող մարդիկ հավանաբար լսած կլինեն A/B Testing-ի մասին: Այս գործիքը երբեմն այնքան պարզ է թվում, որ մարդիկ թերահավատորեն են մոտենում դրան, սակայն արդյունքը հաճախ զարմացնում է:
Հոդվածում ներկայացված են A/B թեսթի էությունը, սկզբունքները և մի քանի պարզ խորհուրդներ այն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ի՞ՆՉ Է A/B Testing-ը:
Այն պարզ հնարք է, որը հնարավորություն է տալիս, համեմատելով կայքի կամ կոնտենտի 2 տարբերակները (A և B), բացահայտել, թե դրանցից որ մեկն է ավելի շատ գրավում լսարանին: Արդյունքում հնարավորություն է ստեղծվում բարձրացնել հաճախումների հոսքը (traffic) և կոնվերսիան (conversion): A/B թեսթը կարելի է հաջողությամբ կիրառել նաև e-mail marketing-ի ժամանակ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Ամեն ինչ շատ պարզ է. լսարանը բաժանում ենք երկու հավասար մասերի: Մի մասին ներկայացնում ենք A տարբերակը, մյուսին՝ B-ն: Որոշ ժամանակ անց համեմատում ենք ստացված տվյալները և որոշում, թե A և B տարբերակներից ո՞ր մեկն է հաղթող:
Ի՞ՆՉԸ ԿԱՐԵԼԻ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ
- Վերնագրերը (Headlines)
- Ենթավերնագրերը (Sub headlines)
- Հոդվածի տեքստը (Paragraph Text)
- Դրական կարծիքները և երաշխիքները
(Testimonials) - Գործողության կոչի տեքստը (Call To Action Text)
- Գործողության կոչի կոճակը (Call To Action Button)
- Հղումները (Links)
- Նկարները (Images)
- Սոցցանցերի կոճակները և այլն
ԻՆՉԻ՞Ց ՍԿՍԵԼ
Առաջին քայլը պետք է լինի թեսթի նպատակի սահմանումը: Դա կարող է լինել օրինակ՝ այցելուների թվի ավելացումը, կոնվերսիայի բարձրացումը, կրկնակի գնումների խթանումը և այլն: Սակայն պետք չէ ամեն ինչ համատեղել և փոխել կայքը ամբողջությամբ. դա կարող է հակառակ էֆեկտն ունենալ:
Հաջորդիվ անհրաժեշտ է .
1. Կազմել մանրակրկիտ պլան
Առանց պլանավորման չարժի սկսել:
Կազմեք գործողությունների մանրակրկիտ պլան: Բոլոր փուլերը պետք է միտված լինեն նախապես սահմանված նպատակին հասնելուն և պետք է համաձայնեցված լինեն միմյանց հետ:
2. Ընտրեք մեկ փոփոխական
Միանգամից մի փորձեք փոխել ամեն ինչ: Ընտրեք միայն մեկ փոփոխական, որը ցանկանում եք փորձարկել:
Այդ դեպքում նաև հեշտ կլինի համեմատել արդյունքները և հստակ հետևություններ անել:
3. Որոշեք ժամկետները
Ցանկալի է, որ А/В թեսթը տևի առնվազն 1 շաբաթ: Սակայն խորհուրդ չի տրվում այն շատ երկարաձգել (ամենաշատը՝ 2 ամիս):
4. Ձերբազատվեք ավելորդություններից
Վախը, անվստահությունն ու կասկածամտությունը կարող են խանգարել թեսթի հաջողությանը:
Բացահայտեք և հեռացրեք ամբողջ կասկածելի և թերի կոնտենտը, որը կարծում եք՝ կարող է նվազեցնել կոնվերսիան:
5. Հավաքեք տվյալները
Թեսթը մեկնարկելու պահից սկսած հետևեք վիճակագրությանը և նշումներ արեք: Սակայն հաշվի առեք, որ եթե թեսթը սխալ է կազմված (օրինակ կա մեկից ավելի փոփոխական), ապա տվյալները արժանահավատ չեն լինի:
Վիճակագրությունում նկատելով դրական փոփոխություններ՝ կարող եք վստահորեն անցնել հաջորդ փուլերին:
6. Կատարեք համապատասխան փոփոխություններըA/B թեսթի հաջող ավարտից և արդյունքները ուսումնասիրելուց անմիջապես հետո կատարեք համապատասխան մշտական փոփոխությունները:
Չարժե անմիջապես սկսել ևս մեկ A/B թեսթ: Չափազանց հաճախակի փոփոխությունները (նույնիսկ ամենալավերը) բացասաբար են ազդում կոնվերսիայի վրա:
Մի՛ վախեցեք և մի՛ խուսափեք փնտրել ստեղծագործ լուծումներ: Գրագետ արված A/B թեսթերի արդյունքում Դուք ոչինչ չեք կորցնում, փոխարենը՝ դրանց օգնությամբ Ձեր կայքը գնալով էլ ավելի արդյունավետ է դառնում:
Կիսվեք Ձեր տպավորություններով, ինչպես նաև տվեք Ձեր հարցերը այս հրապարակման մեկնաբանություններում կամ մեր Ֆեյսբուքյան էջում:
Ծանուցում՝ Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին | armcontent