Արդյո՞ք Facebook-ը լսում է մեր խոսակցությունները

Գոյություն ունի տարածված մի տեսություն, ըստ որի Facebook-ը հեռախոսի միջոցով լսում է մեր առօրյա խոսակցությունները (ոչ հեռախոսազանգերը) և դրանց հիման վրա գովազդ է ցուցադրում։

Այս տեսությանը հավատացողները բերում են օրինակներ իրենց առօրյա կյանքից, թե ինչպես են իրենք առօրյայում զրուցելիս եղել ինչ-որ թեմայով, այնուհետև մուտք են գործել Facebook և առաջին հրապարակումներից մեկը, որ տեսել են, հենց այդ թեմայով գովազդն է եղել։

Վստահ եմ՝ կարդալով այս տողերը, դուք նույնպես հիշեցիք նմանատիպ դեպք։ Օրինակ՝ դուք խոսում եք, թե ինչքան կուզենայիք ձեռք բերել նոր iPhone, այնուհետև թերթում եք ձեր լրահոսը, և․․․ տադա՜մ․․․ iPhone-ի գովազդ։

Հետևաբար հարց է առաջանում․ արդյո՞ք Ֆեյսբուքը լսում է մեր խոսակցությունները։

Միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ թվային մարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր և օգտակար բովանդակություն ստանալու համար։

Իրականում սա ընդամենը դավադրապաշտական տեսություն է։ Ֆեյսբուքը չի լսում մեր խոսակցությունները և չի օգտագործում դրանք գովազդների համար։

Բանն այն է, որ Ֆեյսբուքում գովազդները թիրախավորվում են հիմնականում մարդկանց հետաքրքրությունների և վարքագծի հիման վրա։ Եթե դուք բավականաչափ ակտիվ եք սոցիալական ցանցերում, ապա վստահաբար դրանք արդեն գիտեն թե՛ ձեր հետաքրքրությունների շրջանակը, թե՛ ձեր մտերիմ ընկերներին և նրանց հետաքրքրությունները, ինչպես նաև գիտեն բազմաթիվ կայքեր, որ այցելում եք, գիտեն ինչ տեսանյութեր եք դիտում, ինչքան եք դիտում։ Ֆեյսբուքը գիտի՝ արդյոք դուք ավելի շատ նախընտրում եք տեսանյութեր դիտել, թե կարդալ հոդվածներ, թերթել լուսանկարներ, թե դիտել սթորիներ։

Առօրյայում մենք խոսում ենք հիմնականում նույն թեմաներից, որոնք մեր հետաքրքրությունների շրջանակներում են։ Մենք այցելում ենք կայքեր, որոնք մեզ այդ պահին հետաքրքրում են։ Լրահոսը թերթելիս կանգնում ենք այն հրապարակումների վրա, որոնք մեզ գրավում են։ Արդյունքում հաճախ ստացվում է, որ մեր խոսացածի և մեզ հանդիպած գովազդի թեման համընկնում է։

Բնականաբար մենք ուշադրություն չենք դարձնում այն դեպքերին, երբ դրանք չեն համընկնում, և անմիջապես նկատում ենք հակառակ դեպքում։

Facebook-ի գովազդային գործիքները հնարավորություն են տալիս հնարավորինս ճշգրիտ թիրախավորել հենց այն մարդկանց, ովքեր հնարավոր է հետաքրքրված լինեն գովազդատուի առաջարկով։

Ֆեյսբուքը բազմիցս հերքել է այս տեսությունը։ Ցուկերբերգը նույնիսկ ստիպված է եղել պատասխանել այդ հարցին ԱՄՆ սենատի առաջ։

Մի հարցում նույնպես կարող ենք վստահ լինել․ մրցակցող սոցիալական ցանցերը ջանք չեն խնայում մեկը մյուսի թերությունները և անվտանգության, գաղտնիության օրենքների խախտումները բացահայտելու համար։ Նրանք երբեմն դիմում են նույնիսկ ոչ այնքան օրինական միջոցների՝ մրցակցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։

Հետևաբար՝ եթե նման գլոբալ բացթողում ունենար Ֆեյսբուքը, երկար չէր կարողանա թաքցնել։ Իսկ դրա բացահայտումը հնարավոր է կործանիչ լիներ աշխարհի N1 սոցիալական ցանցի համար։

Այսպիսով՝ Facebook-ը չի լսում մեր խոսակցությունները։ Դա միֆ է։

Թեման քննարկելու համար առաջարկում եմ Telegram-ում միանալ Digtal Marketing Forum խմբին։