Ինչ է Telegram-ը և ինչ առավելություններ ունի

Եթե դուք դեռևս գրանցված չեք Telegram-ում, բայց տարբեր տեղերից, պարբերաբար լսում եք դրա մասին և մինչև վերջ չեք հասկանում, թե ինչ է, ի վերջո, այն և ինչ առավելություններ ունի, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Հոդվածի նախնական տարբերակը գրել եմ 2019-ի փետրվարին՝ DMS-ի բլոգի համար։

Ի՞նչ է Telegram-ը

Տելեգրամը նամակագրության համակարգ է, որի գաղափարի հիմքում դրված են արագության և անվտանգության (գաղտնիության) սկզբունքները։ Այն գերարագ է, պարզ և ամբողջությամբ անվճար։ Telegram-ը հնարավոր է օգտագործել կապի բոլոր սարքավորումներով միաժամանակ․ այն շատ արագ սինխրոնացվում է թե՛ մոբայլ սարքավորումների, թե՛ թաբլեթների և թե՛ համակարգիչների վրա։

Telegram-ի օգնությամբ հնարավոր է ուղարկել նամակներ, լուսանկարներ, տեսանյութեր և ցանկացած ֆորմատի ֆայլեր՝ մինչև 1,5gb ծավալ ունեցող։ Համակարգը հնարավորություն է տալիս ստեղծել մինչև 200,000 մասնակիցներով խմբեր, ինչպես նաև ստեղծել ալիքներ և հրապարակել բովանդակություն անսահմանափակ քանակի մարդկանց համար։ Դուք կարող եք հեշտությամբ գտնել և գրել ձեր հեռախոսի կոնտակտներին, ովքեր գրանցված են Տելեգրամում։

Փաստացի՝ Տելեգրամը միավորում է SMS-ը և email-ը մեկ հարթակում՝ հնարավորություն տալով բավարարել նամակագրության թե՛ բիզնես, թե՛ անձնական պահանջմունքները։ Հավելվածը հնարավորություն է տալիս նաև կատարել երրորդ կողմից ամբողջությամբ պաշտպանված զանգեր։

Telegram-ի հայալեզու ալիքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ու՞մ համար է Telegram-ը

Տելեգրամը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ վստահելի հավելված նամակագրության և զանգերի համար։ Այն նաև շատ հարմար է կազմակերպությունների ներսում փոքր թիմերի ներքին կոմունիկացիան կազմակերպելու և միմյանց ֆայլեր ուղարկելու համար։

Չնայած նրան, որ Telegram-ը չի վաճառում գովազդային հարթակներ բիզնեսի համար, այն, այնուամենայնիվ, հաճախ կիրառվում է բիզնես նպատակներով։ Մասնավորապես՝ բազմաթիվ կազմակերպություններ ստեղծում են ալիքներ և իրենց նորությունների մասին լսարանին տեղեկացնում են հենց Տելեգրամի օգնությամբ։ Այստեղ գրառումների դիտելիության տոկոսը շատ ավելի մեծ է, քան ցանկացած սոցիալական հարթակում, հետևաբար, պահանջված քոնթենթ հրապարակելու դեպքում, լսարանի մեծ մասը կկարդա ձեր գրառումները։

Թե ինչու է պետք ունենալ ալիք Telegram-ում, կարդացեք այստեղ։

Տելեգրամը նաև անհատ բլոգերների սիրելի գործիքներից է։ Բազմաթիվ բլոգերներ ամբողջ աշխարհում Տելեգրամն օգտագործում են որպես լսարանին իրենց ստեղծած բովանդակությունը մատուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը։

Միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ թվային մարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր և օգտակար բովանդակություն ստանալու համար։

Ի՞նչ առավելություններ ունի Telegram-ը

Արագությունը։ Տելեգրամն ունի սերվերներ աշխարհի տարբեր ծայրերում, ինչի հաշվին այն շատ արագ է։ Այն հրաշալի աշխատում է նաև թույլ ինտերնետի պայմաններում։

Սինխրոնացում։ Ունենալով ծրագրային ապահովում կապի բոլոր սարքավորումների համար և հիմնված լինելով ամպային տիրույթի վրա՝ Telegram-ն ակնթարթորեն սինխրոնացվում է։ Դուք կարող եք միաժամանակ օգտվել և՛ դեսքթոփի հավելվածից և՛ մոբայլի հավելվածից՝ վստահ լինելով, որ ոչինչ բաց չեք թողնի։

Կոնֆիդենցիալություն։ Telegram-ի ստեղծման գլխավոր նպատակներից մեկը, որի համար հենց շատերն այդքան սիրում են այս հավելվածը, դրա ապահովությունն է։ Այստեղ պրակտիկորեն անհնար է որևէ երրորդ կողմի համար ստանալ հասանելիություն ձեր նամակներին։ Հենց այս հնարավորությունն է պատճառը, որ Տելեգրամի հիմնադիրները հաճախ խնդիրներ են ունենում տարբեր երկրների ղեկավարությունների հետ՝ հրաժարվելով հատուկ ծառայություններին տրամադրել օգտվողների մասին տեղեկատվություն։ Ինչո՞վ է պայմանավորված այս անվտանգությունը։ Պատասխանի հիմքում ընկած է Տելեգրամի ծրագրվորման ամենահանճարեղ մասը․ օգտվողների գրառումները պահպանվում են կոդավորված տեսքով։ Դրանք իրենց սկզբնական տեսքով երևում են միայն գրառումը կատարողի և հասցեատիրոջ մոտ։ Այսինքն, եթե նույնիսկ փորձ կատարվի ուժով գրավել Տելեգրամի սերվերները, հետաքրքրասերները կստանան միայն միլիարդավոր կոդեր, որոնք հնարավոր չէ ապակոդավորել։ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը նույնիսկ մրցույթ էր հայտարարել՝ խոստանալով 200․000 դոլար վճարել այն մարդուն, ով կկարողանա ապակոդավորել Տելեգրամի կոդավորված նամակները։ Բազմաթիվ ծրագրավորողներ փորձեցին արագ հարստանալ, սակայն նրանցից ոչ ոքի չհաջողվեց ապակոդավորել նամակները։

Գաղտնի չատ։ Բացի այն, որ ձեր առօրյա նամակներն ապահովագրված են, Տելեգրամն ունի նաև գաղտնի չատի (secret chat) հնարավորություն։ Նամակագրության այս տեսակն առանձնանում է նրանով, որ այն չի պահպանվում սերվերներում։ Ձեր նամակները հայտնվում են միայն հասցեատիրոջ մոտ, ով այդ պահին պետք է օնլայն լինի։ Գրառումներն ինքնաոչնչացվում են ձեր սահմանած ժամանակը լրանալուն պես։ Այստեղի գրառումները հնարավոր չէ forward անել, պատճենել զրուցակցի գրածը և նույնիսկ screenshot անել Android-ի ստանդարտ գործիքներով։ IOS-ով էկրանը նկարելու դեպքում զրուցակցին ուղարկվում է զգուշացում այդ մասին։

Ոչ մի գովազդ։ Telegram-ում չկա գովազդ, և, ինչպես խոստացել են հիմնադիրները, երբեք չի լինելու։

Բոտեր։ Տելեգրամը հնարավորություն է տալիս հեշտությամբ ստեղծել և ինտեգրել տարբեր բոտեր, որոնք կարողանում են գեներացնել և նամակի տեսքով ուղարկել տարբեր գրառումներ՝ ավտոմատացված կերպով։ Գոյություն ունեն բազմաթիվ հետաքրքիր բոտեր տարբեր թեմաներով՝ գրքեր, երաժշտություն, եղանակի տեսություն, բիզնես և այլ թեմաներով։ Սրանք և՛ հետաքրքիր են, և՛ զվարճալի։

Հոդվածի վերաբերյալ ձեր մեկնաբանություններով կիսվելու համար միացե՛ք Telegram-ում Digtal Marketing Forum խմբին։