Messenger Rooms. Facebook-ի պատասխանը Zoom-ի հաջողությանը

Facebook-ը գործարկում է նոր գործիք` Messenger Rooms-ը, որը հնարավորություն կտա ստեղծել մինչև 50 մասնակիցներով վիդեո-սենյակներ։ Սա, կարելի է ասել, Facebook-ի պատասխանն է Zoom-ի անակնկալ աճին, ինչը տեղի ունեցավ COVID-19 համավարակի տարածման պատճառով։

Ապրիլի 24-ին Մարկ Ցուկերբերգը ուղիղ եթերում հայտարարեց, որ Facebook-ը գործարկում է «Messenger Rooms» նոր գործիքը։ Որպես վիդեո ներկայացվածության ֆորմատ այն նոր չէ, սակայն նոր է Facebook-ի համար։

Վիդեո ներկայացվածության տեսակները և դրանց տարբերությունները

Մինչև Messenger Rooms-ի հնարավորություններին անդրադառնալը, նախ հասկանանք, թե որոնք են վիդեո ներկայացվածության ֆորմատները և ինչով են տարբերվում իրարից։

Դրանք երեքն են․

1․ Վիդեո զանգեր (video calls)
2․ Վիդեո սենյակներ (video rooms)
3․ Ուղիղ հեռարձակումներ (live videos)

Վիդեո զանգերի ֆորմատը վիդեո ներկայացվածության ամենատարածված ֆորմատն է աշխարհում։ Այն հնարավորություն է տալիս վիդեո կապ հաստատել որևէ ընկերոջ կամ ընկերների խմբի հետ։ Արդյունքում տեսազանգի հասցեատերերի հեռախոսները կամ համակարգիչները զանգի ազդանշան են ստանում, և կարող են միանալ տեսազանգին։

Վիդեո սենյակը համեմատաբար ավելի նոր գործիք է, որը լայնորեն տարածվել է հատկապես կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս գործիքը հնարավորություն է տալիս ստեղծել վիդեո-հանդիպման «սենյակ», այնուհետև ստեղծել հղում սենյակին միանալու համար։ Վիդեո սենյակներն օգտագործվում են հատկապես հեռավար դասընթացներ, վեբինարներ իրականացնելու համար։ Այժմ դրանցից ամենատարածվածը ZOOM-ն է։ Ներկայում այն կիրառվում է նույնիսկ դպրոցների և համալսարանների դասերն անցկացնելու համար։ Zoom-ը շատ արագ մոտ 10 միլիոն օրական ակտիվ օգտվողներից աճեց մինչև 300 միլիոնի։

Ուղիղ հեռարձակումները միակողմանի վիդեո ներկայացվածության ֆորմատ են, որի միջոցով հեռարձակողը շփվում է իր լսարանի հետ։

____________
Միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ թվային մարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր և օգտակար բովանդակություն ստանալու համար։
____________

Ի՞նչ է Messenger Rooms-ը

Ինչպես արդեն կռահեցիք, Facebook-ի նորաստեղծ գործիքը վիդեո հաղորդակցության վերոնշյալ տեսակներից պատկանում է երկրորդին՝ վիդեո սենյակին։ Մյուս երկուսն աշխարհի առաջատար սոց․ մեդիա հարթակն ուներ վաղուցվանից։

Messenger Rooms-ը հնարավորություն է տալիս ստեղծել գաղտնի կամ հրապարակային վիդեո սենյակներ ցանկացած միջոցառման համար՝ լինի ժամանցային, կրթական, թե պարզապես շփման նպատակով։ Դրանց կարելի է մասնակցել թե՛ հեռախոսից, թե՛ համակարգչից։

Messenger Rooms-ը հեռախոսով

Messenger-ով միանալու դեպքում վիդեո սենյակների մասնակիցները հնարավորություն կունենան օգտագործել նաև AR (լրացված իրականության) էլեմենտներ, ինչպիսիք են տարատեսակ դիմակները, վիդեո էֆեկտները և 360 աստիճան հետևի ֆոները, եթե չեք ցանկանում ցույց տալ ձեր գտնվելու իրական վայրը։

Վիդեո սենյակներ կարելի է ստեղծել նաև Facebook-ի խմբերում։ Սա շատ լավ հնարավորություն է նաև խմբերում շփումն աշխուժացնելու համար։

Եթե ձեր ընկերներից որևէ մեկը ստեղծի հրապարակային (public) Messenger room, ապա դրան միանալու հղումը կհայտնվի Facebook-ի ձեր լրահոսի ամենավերևում․ նույնիսկ ավելի վերև, քան Ֆեյսբուքի կողմից այդքան խթանվող սթորիներն են։

Ընկերների հրապարակային Messenger Room-երը Facebook-ի լրահոսում


Վիդեո սենյակները հնարավոր է մեկնարկել ինչպես տվյալ պահին, այնպես էլ պլանավորել մեկնարկը նշված ժամին։ Պլանավորելու դեպքում հրավիրված օգտվողները մեկնարկից րոպեներ առաջ կստանան հիշեցում։

Facebook-ը նախատեսում է առաջիկայում նաև ավելացնել Messenger Room-եր ստեղծելու հնարավորություն WhatsApp-ից և Instagram Direct-ից։

Messenger Rooms-ի գաղտնիության ապահովումը

Գործիքը ստեղծելիս Ֆեյսբուքը հաշվի է առել նաև գաղտնիության գործոնը։ Մշակվել են մի շարք կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս նախապես սահմանել, թե ինչ հասանելիություն կունենա ձեր վիդեո սենյակը։

Ընտրեք ում հրավիրել

Վիդեո սենյակ ստեղծելիս դուք հնարավորություն ունեք ընտրել, թե ովքեր կարող են միանալ դրան։ Դուք կարող եք ստեղծել ինչպես փոքր սենյակ, որտեղ հրավիրված կլինեն կոնկրետ ընկերներ, այնպես էլ ավելի ընդարձակ սենյակ՝ ձեզ հետ նույն հետաքրքրությունները կիսող ավելի մեծ թվով մարդկանց համար։

Դուք հնարավորություն ունեք ստեղծել նաև բաց սենյակ, որին կարող է միանալ ցանկացած մարդ, ով ունի համապատասխան հղումը, նույնիսկ եթե նա գրանցված չէ Facebook-ի հարթակներից որևէ մեկում։

Վերստուգեք կարգավորումները

Մինչև Messenger Room-ը վերջնական հրապարակելը դուք հնարավորություն կունենաք վերստուգել կարգավորումները, սենյակի հասանելիությունը, այնուհետև միայն հրապարակել։

Կարգավորումներ զանգի ընթացքում

Սենյակը հրապարակելուց հետո՝ տեսակապի ընթացքում, կարող եք իրականացնել հավելյալ կարգավորումներ։ Դուք կարող եք հեռացնել ցանկացած անցանկալի մասնակցի, ինչպես նաև կողպել սենյակը, որպեսզի ոչ ոք այլևս չկարողանա միանալ։

Սենյակի կողպելու դեպքում միակ բացառությունը խմբերի (Group) ադմինների համար է։ Նրանք ցանկացած պահի կարող են միանալ խմբի ներսում ստեղծված վիդեո սենյակներին, նույնիսկ եթե դրանք արդեն կողպված են։

Room-ն ավարտելու դեպքում բոլոր մասնակիցները կհեռացվեն, և հղումն այլևս չի գործի։

Արգելափակում և բողոքարկում

Ցանկացած պահի, երբ դուք ինչ-որ պատճառով անապահովության զգացողություն ունենաք, դուք կարող եք հեշտությամբ դուրս գալ վիդեո սենյակից։ Եթե դուք արգելափակեք որևէ օգտվողի Messenger-ում, ապա այլևս նա չի կարողանա միանալ ձեր վիդեո սենյակներին, իսկ դուք՝ նրա։

Դուք կարող եք ֆեյսբուքին բողոքարկել նաև սենյակի անվանման կամ բովանդակության վերաբերյալ, սակայն պետք է հաշվի առնել, որ Ֆեսբուքը հասանելիություն չի ունենալու ո՛չ տեսակապին, ո՛չ ձայնային կապին։

Կիրառության հնարավորությունները

Messenger Rooms-ը կարելի է կիրառել պրակտիկորեն ցանկացած իրավիճակում, երբ կարիք ունենաք տեսակապով շփվել այլ մարդկանց հետ։ Կիրառության հիմնական ուղղությունները, հավանաբար, կլինեն՝

1․ Ընկերական շփումները,
2. Աշխատանքային շփումներն ու քննարկումները,
2․ Ժամանցային միջոցառումները (երաժշտական, ընթերցանության, սպորտային և այլն),
3. Կրթական (վեբինարներ, դպրոցական և համալսարանական դասեր, մասնագիտական քննարկումներ)։

Ամփոփում

Ինչպես և կանխատեսելի էր, կորոնավիրուսը փոխում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև թվային աշխարհը։ Facebook-ի այս և վիդեո ներկայացվածության մյուս ուղղություններում հրապարակած նորամուծություններն էականորեն կփոխեն ժամանակակից սոց․ մեդիան և շփումը։ Սա նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես անձնական շփման, այնպես էլ բիզնեսի զարգացման համար։

Առաջիկա օրերին Messenger Rooms-ը հասանելի կդառնա որոշ երկրներում, իսկ մոտակա շաբաթներին այն կգործարկվի ամբողջ աշխարհում։

Թեման քննարկելու համար միացե՛ք Telegram-ում Digtal Marketing Forum խմբին։

Հեղինակ՝ Տիգրան Մատինյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s