Անանուն գրառումների հնարավորություն Facebook-ի ծնողական խմբերում

Facebook-ը ներկայացրել է խմբերի (group) նոր տեսակ՝ ծնողների համար։ Դրանք ունեն մի շարք առավելություններ, ինչպես օրինակ՝ անանուն հրապարակումներ անելու հնարավորությունն է։

Ծնողական խմբերի նոր տեսակը հնարավորություն է ծնողական համայնքի շփումներն իրականացնել նորովի։ Խմբերի ադմինիստրատորները հնարավորություն կունենան որպես խմբի տեսակ ընտրել «Ծնողական խումբ», ինչը խմբի անդամների համար կավելացնի 3 հնարավորություն․ անանուն գրառումներ, հատուկ պիտակներ (badge-եր), մենթորություն։

Անանուն գրառումներ

Հայաստանյան Ֆեյսբուքում բազմաթիվ մեմերի առիթ դարձած «անանուն» գրառումների հարցն իրականում միայն հայաստանյան չէ։ Բազմաթիվ ծնողներ դիմել են Facebook-ին՝ անանուն հրապարակումներ կատարելու հնարավորության խնդրանքով։ Facebook-ն ընդառաջ է գնացել այդ խնդրանքներին և ավելացնում է անանուն հրապարակումներ անելու հնարավորություն՝ ծնողական խմբերում։

Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք կատարել գրառում՝ կապված ֆինանսական աջակցության, երեխայի առողջական վիճակի կամ այլ զգայուն թեմաներով, դուք կկարողանակ կատարել գրառում խմբում՝ առանց ձեր անունը նշելու։

Հատուկ պիտակներ (badge-եր)

Ծնողական խմբերի անդամների համար Facebook-ն ավելացրել է հատուկ պիտակներ (badge-եր), որոնց օգնությամբ կարող եք նշել, թե ծնողների որ կատեգորիային եք պատկանում։ Դա կօգնի անհրաժեշտության դեպքում հեշտությամբ գտնել և կապվելայն ծնողներին, ովքեր հնարավոր է կիսեն ձեր խնդիրները։

Օրինակ՝ կարող եք նշել, որ դուք նոր ծնող եք կամ շուտով ծնող եք դառնալու և հեշտությամբ գտնեք խմբի մյուս անդամներին, ովքեր նույն կարգավիճակում են։

Մենթորություն

Մենթորության ծրագրերը Ֆեյսբուքյան տարբեր խմբերում արդեն առկա էին։ Այժմ դրանք հասանելի կդառնան նաև ծնողական բոլոր խմբերին։ Խմբերի ադմինները հնարավորություն կունենան խմբում ակտիվացնել մենթորության ծրագրեր, որի օգնությամբ խմբի անդամները կգրանցվեն կամ որպես մենթոր, կամ որպես մենթի։ Արդյունքում՝ խորհրդատվություն փնտրող մենթիները կկարողանան գտնել ավելի փորձառու մենթորներ, ովքեր օնլայն խորհրդատվությամբ կօգնեն հաղթահարել ծնողական տարբեր էտապների դժվարությունները։