Facebook-ը նախապատվությունը կտա օրիգինալ լրատվական քոնթենթին

Facebook-ը փոփոխություններ է մտցնում իր լրահոսի ալգորիթմում, որոնց նպատակն է՝ խթանել օրիգինալ լրատվական քոնթենթը։ Ընդգծենք, որ այս փոփոխությունը վերաբերում է միայն լրատվական քոնթենթին։

Հայտարարության մեջ նշված է, որ այս փոփոխություններն արվում են, քանի որ Ֆեյսբուքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ցանկանում են լրահոսում տեսնել հավաստի և ինֆորմատիվ նորություններ։

Առավելություն կստանան սկզբնաղբյուրները

Ֆեյսբուքը գործարկում է արհեստական բանականություն, որը կուսումնասիրի առանձին թեմաներով լրահոսում տարածվող լրատվական հոդվածների խմբերը և կառանձնացնի նրանք, որոնք ամենից հաճախ են մեջբերվում որպես տվյալ լուրի օրիգինալ աղբյուր։ Այս աղբյուրները կստանան որոշակի առավելություն լրահոսում։

Այս փոփոխությունը սկզբնական փուլում կգործի միայն անգլերեն բովանդակության համար։ Մյուս լեզուներով կգործարկվի ապագայում։

Սա էական ազդեցություն չի ունենա օգտվողների համար․ նրանք կշարունակեն իրենց լրահոսում առաջին հերթին տեսնել այն աղբյուրները, որոնց հետևում են իրենք կամ իրենց ընկերները։ Սակայն այն իրավիճակում, երբ նույն լրատվական թեմայով կլինեն տարբեր աղբյուրներից տարածվող գրառումներ, Facebook-ը նախապատվությունը կտա նրանց, որոնք գնահատվել են որպես սկզբնաղբյուր՝ դրանով խթանելով նմանատիպ բովանդակությունը։

Հեղինակի թափանցիկություն

Facebook-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն լրատվական աղբյուրները, որոնց հոդվածները ստորագրված չեն հեղինակի անուն/ազգանունով, կամ կայքում չունեն առանձին էջ, որտեղ ներկայացված է լրատվությունը ստեղծող անձնակազմը, ավելի հակված են տարածել ոչ հավաստի տեղեկատվություն։

Վերոնշյալ հարցը Facebook-ը քննարկել է լրատվության թափանցիկությունը կարգավորող մի շարք միջազգային կառույցների հետ։ Արդյունքում՝ հեղինակի թափանցիկությունը նույնպես կազդի լրատվական հոդվածի կամ աղբյուրի վստահելիության, հետևաբար նաև դիտելիության վրա։

Այնուամենայնիվ, Ֆեյսբուքի հայտարարության մեջ նշված է, որ իրենք գիտակցում են, որ որոշ տարածաշրջաններում լրագրողների համար ռիսկային է բացահայտել սեփական անձը, հետևաբար այս թարմացումը կգործարկվի միայն սահմանափակ տարածաշրջաններում։

Այս փոփոխությունների արդյունքում օրիգինալ լրատվական բովանդակություն հրապարակողները կունենան դիտելիության որոշակի աճ։

Նշենք նաև, որ վերջերս տարածվել էր նաև մեկ այլ տեղեկատվություն այն մասին, որ Facebook-ն այսուհետ կզգուշացնի օգտվողներին, երբ նրանք փորձեն կիսվել հոդվածով, որն 90 օրվանից ավելի հին է։

Ծանուցումն ստանալուց հետո հնարավոր կլինի ընտրել. կամ շարունակել, կամ չեղարկել։ Սա նույնպես նպատակ ունի խթանել ավելի արդիական նորությունների տարածումը՝ թյուրիմացաբար հինը տարածելու փոխարեն։

Կա տեսակետ, որ տարածվող լրատվության որակը բարելավելու Facebook-ի այս անթաքույց ջանքերի գլխավոր պատճառներից մեկը 2020թ․ նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններն են։

Հեղինակ՝ Տիգրան Մատինյան։

Միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ թվային մարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր և օգտակար բովանդակություն ստանալու համար։