Telegram v6.3. վիդեո ավատարներ, մինչև 2gb ֆայլեր և ավելին

Telegram-ի հերթական թարմացումն արդեն հասանելի է։ Telegram v6.3 տարբերակում ավելացել է վիդեո ավատարներ տեղադրելու հնարավորությունը, ուղարկվող ֆայլերի առավելագույն ծավալն ավելացել է մինչև 2gb, բարելավվել է «Մոտակա մարդիկ» (People nearby) բաժինը և մի շարք այլ հետաքրքիր թարմացումներ։

Վիդեո ավատարներ

Այժմ կարող եք ձեր անձնական պրոֆիլի նկարի փոխարեն վերբեռնել տեսանյութ և ընտրել ցանկացած կադր այդ տեսանյութից, որը կերևա երկխոսություններում։

Ինչպես ցանկացած տեսանյութ, այնպես էլ վիդեո ավատարները կարող եք խմբագրել, կարգավորել կոնտրաստը և լուսավորվածությունը, ինչպես նաև ավելացնել անիմացվող սթիքերներ։ Հիշեցնենք, որ այդ փոփոխություններն ավելացել էին հունիսի 5-ի թարմացման ժամանակ՝ Telegram v6.2-ում։

Մաշկը հարթեցնող էֆեկտ

Ֆոտո և վիդեո խմբագրիչում ավելացել է մաշկը հարթեցնող էֆեկտ։

Բարելավումներ «Մոտակա մարդիկ» (People nearby) բաժնում

Վիդեո ավատարներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում նոր ծանոթությունների փնտրտուքները Տելեգրամում։ Դրանից ելնելով՝ թարմացվել է նաև «Մոտակա մարդիկ» (People nearby) բաժինը։

Այժմ այս բաժնում դուք կարող եք տեսնել, թե ձեր զրուցակիցն ինչքան է հեռու ձեզնից։ Իսկ եթե զրույցի նախաձեռնողը դուք եք, Telegram-ը կառաջարկի ողջունող սթիքեր՝ զրույցը սկսելու համար։

Մոտակա մարդկանց գտնելու համար անհրաժեշտ է գլխավոր մենյուից բացել կոնտակտների բաժինը։

Լուսանկարների նախադիտում

Եթե Telegram-ով ստացել եք լուսանկար, ապա դրա փոքրացված տարբերակն այսուհետ կարող եք տեսնել ինչպես նամակագրությունների ցանկում, այնպես էլ՝ հեռախոսի ծանուցումներում։

Ի դեպ, առանց նամակագրությունը բացելու նախադիտման համար կարող եք նաև նամակագրությունների ցանկում մատը սեղմած պահել երկխոսության գլխավոր նկարի վրա։

Ոչ կոնտակտների նամակների ֆիլտրում

«Մոտակա մարդիկ» բաժինը և խմբային չատերը հրաշալի հնարավորություն են ստեղծում նոր մարդկանց գտնելու և ծանոթանալու համար։ Սակայն սա երբեմն հակառակ էֆեկտն է ունենում։ Telegram-ը հերթական թարմացմամբ փորձել է լուծել այս հարցը։

Կոնֆիդենցիալության կարգավորումներում այժմ ավելացել է նոր ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս ոչ կոնտակտների նամակների ծանուցումներն անջատել և դրանք ավտոմատացված կերպով տեղափոխել արխիվացված նամակագրությունների մեջ։ Դրանք ցանկացած պահի հնարավոր է բացել և տեղափոխել դեպի հիմնական նամակագրություններ։

Խմբի ակտիվության վերաբերյալ վիճակագրական տվյալներ

Նվազագույնը 500 մասնակից ունեցող խմբերի ադմինիստրատորներն այսուհետ հնարավորություն կունենան տեսնել խմբի վերաբերյալ կարևոր ստատիստիկ տվյալները։

Գրաֆիկական պատկերներով կտեսնեք խմբի աճի վերաբերյալ կարևոր տվյալներ, ինչպես նաև մասնակիցների լեզուն, հրապարակումների տեսակները, պիկ ժամերը, շաբաթվա օրերը և այլ կարևոր տվյալներ։

Ալիքների վերաբերյալ վիճակագրական տվյալները նույնպես արդեն հասանելի են, եթե հետևորդների թիվը գերազանցում է 500-ը (նախկին 1000-ի փոխարեն):

Ավելի փոքր ալիքների դեպքում ստատիստիկային հետևելու համար անհրաժեշտ է օգտագործել հավելյալ գործիքներ, ինչպիսին TGStat-ն է։

Խմբերի դեպքում առաջիկայում նախատեսվում է այս շեմն իջեցնել մինչև 100 մասնակցի։

Թարմացումներ Android համակարգում

  • Թարմացվել է աուդիո նվագարկիչը․ փոփոխվել է դիզայնը, ինչպես նաև ավելացվել է ձայնագրությունների ցանկը բացելու հնարավորություն։
  • Նամակի մուտքագրման դաշտը սահուն անիմացիայով կմեծանա, եթե դուք գրում եք երկար տեքստ։
  • Վիդեո խմբագրիչում արդեն հնարավոր է Crop անել տեսանյութը և պտտել այն՝ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ուղարկելը։

Միաժամանակ մեկից ավելի օգտագործվող հաշիվներ Telegram Desktop-ում

Մինչև 3 ակտիվ օգտագործվող հաշիվներ հնարավոր էր ունենալ Telegram-ի մոբայլ հավելվածներում՝ սկսած 2017 թականից։ Այս հնարավորությունն այժմ հասանելի է նաև Telegram Desktop-ում։

Մինչև 2gb ծավալի ֆայլեր ուղարկելու հնարավորություն

Telegram-ի գլխավոր առավելություններից մեկը մինչև 1․5gb ծավալի ֆայլեր ուղարկելու հնարավորությունն էր, որը հասանելի էր դեռևս 2014 թվականից։

Այժմ այս շեմը բարձրացվել է, և դուք կարող եք Telegram-ով ուղարկել մինչև 2gb ծավալով ֆայլեր։

Միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ թվային մարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր և օգտակար բովանդակություն ստանալու համար։